15-ամյա Լիլիթը ավտովթարից 7,5 ամիս անց է մահացել՝ հիվանդանոցում․ ծնողները արդարություն են պահանջում

2021 թվականի հունիսի 7-ին Բաբայան և Հյուսիսային ճառագայթ խաչմերուկում BMW X5 մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա Լիլիթ Հայրապետյանին։ Դեպքը տեղի ունեցել, երբ աղջիկը բասկետբոլի պարապմունքից տուն էր վերադառնում։ Լիլիթը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթրակած անձը Ուրախների և հնարամիտների ակումբի (КВН) «Նոր հայեր» թիմի անդամ Գրիգոր Գասպարյանի եղբայրն է, Ամարաս Գասպարյանը։

Ցավոք, երեխան ամիսներ անց՝ 2022 թվականի հունվարի 25-ին մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ 

Լիլիթի հայրը՝ Կարեն Հայրապետյանը, ինչպես բժիշկների, այնպես էլ իրավապահների աշխատանքում մի շարք թերություններ է նկատել, որոնց մասին խոսել է Iravaban.net-ի հետ։

Ի պատասխան մեր գրավոր հարցման, «Շտապօգնությունից» հայտնել են, որ վրաերթի դեպքով կանչը «1-03» ծառայությունում ընդունվել է և բժշկական անձնակազմին է փոխանցվել ժամը 18:34-ին, անձնակազմը դեպքի վայր է ժամանել ժամը 18:41-ին: 

«Պացիենտը զննման պահին գտնվել է մեքենայի դիմաց` մեջքի վրա պառկած, ցնցումների մեջ: Մեքենան և պացիենտը գտնվել են մայթին մոտ` երթևեկելի 1-ին գոտում»,-ասված է պատասխանում։ 

«Սուրբ Աստվածամայր»-ից հայտնել են, որ հարուցված քրեական գործի շրջանակներում առգրավվել է հիվանդության պատմագիրը, ընթանում է դատաբժշկական փորձաքննություն՝ հավելելով, որ այդ պատճառով  Iravaban.net-ի հարցերի մեծ մասին ստույգ պատասխան հնարավոր չէ հչեցնել։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում

Երեխայի հոր խոսքով՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու հենց հաջորդ օրը միջադեպ է գրանցվել։ «Շտապօգնության» բրիգադի անդամները, ովքեր աղջկան տեղափոխել են  «Սուրբ Աստվածամայր»՝ զգուշացրել են, որ երեխան պետք է անշարժ պառկած մնա։ 

Վիրահատությունը սկսվել է ԲԿ տեղափոխվելուց ժամեր անց։ Վիրահատության ընթացքում պետք է գլխուղեղի ճնշումը չափող սենսոր (Sensor)  տեղադրեին, որն էլ արվել է։

Կենտրոնի կողմից տրված էպիկրիզում նշվում է, որ Լիլիթը «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել  հունիսի 7-ին, 23։55-ի սահմաններում։ 

«Երեխաս արդեն դեպի լավն էր գնում, աչքերը բացել էր, ֆիքսում էր շարժումները։ Ամեն օր սպասում էինք, որ պետք է գիտակցության գա։ Հետո նկատեցինք, որ աչքը փախավ։ Երբ գլխուղեղի 2 մասերը սինքրոն չեն աշխատում, այդպես է լինում։ Մոտեցա վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին ու ասացի, որ երեխայի հետ ինչ-որ բան այն չէ։ Հիվանդանոցում ասածիս վրա ուշադրություն չդարձրին ու հաջորդ օրը երեխան ինսուլտ տարավ, արյան զեղում էր։ Դրան հետևեցին մի քանի վիրահատություններ։ Ինսուլտից հետո վրդովված մտա բժիշկների սենյակ, որպեսզի ինձ բացատրեն, թե ինչու է երեխան ինսուլտ տարել։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հավաքեց բոլորին ու ինձ ասացին, որ ծանր դեպք է և հավանականությունը շատ մեծ էր, որ կարող է ինսուլտ լինել։ Բայց արդեն իմացել էի, որ պատճառը սարքն էր, որով պետք է ստուգեին գլխուղեղի ճնշումը։ Դրանից բաժանմունքում մի հատ է եղել ու այդ պահին երեխայի մոտ չի եղել։ Եթե ճնշումը բարձրանում է մինչև 20, պետք է ներարկում անեն։ Երբ բերել են, չափել են Լիլիթինը, տեսել են, որ 70-ի է հասել ճնշումը։ 

Բժիշկների խորհրդակցության ժամանակ Դալլաքյանը ինձ ասաց՝ երբ երեխան նորմալ երկրներում նման վիճակում է լինում, ինքը դոնոր է դառնում։ Ասացի, որ իմ երեխան ձեր համար դոնոր չի և երբեք չի դառնա։ Հաջորդ օրը ինքն ինձ իր մոտ կանչեց՝ ցանկանալով ասածը մեղմել։ Ասաց՝ ճիշտ չեմ հասկացել, թե ինչ է ասել»,-պատմում է աղջկա հայրը։ 

«Սուրբ Աստվածամայր»-ից մեզ ուղարկված պարզաբանման մեջ նշվում է, որ Լիլիթի ծնողների կողմից վիճակի լրջությունը ադեկվատ չի ընկալվել․ «․․․ՀՀ-ում փոխպատվաստման գործընթացը ծանր վիճակում է և նմանատիպ գործողություններ չեն կատարվում։ Ծնողին հավաստիացվել է, որ անկախ ամեն ինչից, պայքարը կյանքի համար տարվելու է մինչև վերջ, որը և կատարվել է 7,5 ամիսների ընթացքում»։

Առաջին էպիկրիզի համաձայն՝ վիրահատության ժամանակ տեղադրվել է ներգանգային ճնշման մոնիթորինգի տվիչ (չափիչ, ազդանշանային, կարգավորիչ տարր, որը վերահսկվող մեծությունը` ճնշումը, ջերմաստիճանը, հաճախականությունը… փոխակերպում է չափման)` ձախ գագաթային շրջանում, իրականացվել է սուբդուրալ հեմատոմայի դատարկում։ Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան ԲԿ-ից հայտնել են, որ տվիչի տեղադրումը հետազոտման նորագույն և թանկարժեք մեթոդ է և Հայաստանում եզակի կլինիկաներում է կիրառվում։ 

«Ներուղեղային արյունազեղումը մոնիթորինգի սարքի հետ կապված չէ, այլ պայմանավորված է կրած ծանր գանգուղեղային վնասվածքով»,-պնդում են կենտրոնից։

Մինչև հունիսի 19-ը էպիկրիզում բժիշկների գործողությունների վերաբերյալ որևէ նշում չկա։

Կարեն Հայրապետյանը պատմում է․ «Ինսուլտից հետո երեխան սկսել է դեպի լավը գնալ, սկսել էր ցավը զգալ, մատները շարժել։ Երբ բժշկին դրա մասին ասում էինք, ասում էր՝ դա անհնար է, միրաժ եք տեսնում։ Հետո շունտավորման վիրահատություն պետք է կատարեին։ Դրեցին շունտը, ինչից հետո երեխայի մոտ խնդիրներ առաջացավ։ Դրանից հետո ևս մեկ վիրահատություն։ Լիլիթի մոտ սնուցման զոնդ տեղադրեցին՝ նրան կերակրելու համար։ Վիրահատությունը Նիկոլայ Դալլաքյանը կատարեց։ Մի քանի օր անցավ, երեխան շատ վատ էր, մեզ ասացին, որ տանում են աղիների լվացում անեն։ 5 ժամ տևեց դա, որից հետո իմացանք, որ ոչ թե աղիների լվացում, այլ վիրահատություն են արել։ Այլ մարդուց, ոչ բժիշկներից, մենք իմացանք, որ երեխաների մոտ աղիների բորբոքային պրոցես է սկսել, պերիտոնիտ։ Ես արդեն չգիտեի ինչ անել, որոշեցի այլ բժիշկների էլ դիմել ու գտա «Իզմիրլյան» ԲԿ վիրաբույժ, պրոֆեսոր Խաչատուր Բադալյանին։ Եկավ, երեխային տեսավ ու ասաց, որ շտապ վիրահատություն պետք է արվի։ Մոտեցա Դալլաքյանին, ասացի, որ ուզում եմ պրոֆեսոր Բադալյանը վիրահատություն կատարի։ Ասաց՝ երբ պետք լինի, ես իրեն կկանչեմ, հետը լեզու չգտա»։

Հունիսի 19-ից մինչև հոկտեմբերի 26-ը կատարվել է ևս 5 վիրահատություն, այդ մասին նշվում է 2022-ի հունվարի 25-ի երեխայի մահվան էպիկրիզում։ Աղջկա հայրը դիմել է Երևանի քաղաքապետարան, թեժ գիծ է զանգել, որ հնարավորինս արագ կազմակերպեն՝ վիրահատությունը արվի։ Երբ վերադարձել է երեխայի մոտ՝ տեսել է, որ անալիզներ են վերցնում։ 

«Անալիզները հիմնականում վիրահատությունից առաջ են վերցնում։ Զգացի, որ սրանք ուզում են գիշերը, իբր շտապ վիրահատություն անեն։ Մոտեցա հերթապահին ու զգուշացրի, որ թույլ չտա որևէ մեկը երեխայիս մատով դիպչի։ 15 րոպե անց Դալլաքյանը զանգեց ինձ ու ասաց, որ զանգեմ, պայմանավորվեմ, որպեսզի Խաչատուր Բադալյանը գա ու վիրահատությունը անցկացնի։ 

Միայն մահվան էպիկրիզում է նշվում, որ Խաչատուր Բադալյանն է կատարել վիրահատությունը․ «Հետվիրահատական շրջանում հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ջերմում է ֆեբրիլ։ ․․․Աչքերը փորձում է բացել, կոնտակտի մեջ չի մտնում, առկա են օրալ ավտոմատիզմի դրսևորումներ, թորշոմած տետրապարեզ»։ Նշվում է, որ հոկտեմբերի 11-ին հիվանդի անեմիան խորացել է, վիճակը չի շտկվել։ 

Սակայն Կարեն Հայրապետյանը պնդում է, որ Խաչատուր Բադալյանի կատարած վիրահատությունից հետո Լիլիթի վիճակը կայունացել էր։

«Պարզվում է, որ նախորդ վիրահատությունների ժամանակ երեխայի մոտ դրինաժներ էին դրել, որոնցից էլ չասեմ՝ ինչ գույնի ինչ էր գալիս։ Վիրահատությունը լավ անցավ (Խաչատուր Բադալյանի,-խմբ․), երեխայի վիճակը կրկին կայունացավ։ Որոշեցին, որ շունտ պետք է տեղադրվի սրտից վերևում։ Երեխային նշանակեցին Կարդիոասպիրին՝ արյունը ջրիկացնելու համար։ Բադալյանը զգուշացրել էր, որ քթից խողովակ դնեն, որպեսզի կերակրեն ստամոքս։ Դրեցին, սև հեղուկ սկսեց գալ։ Բավականին ժամանակ նման հեղուկ էր գալիս, ասում էի՝ կերակրեք երեխային։ Ասում էին՝ չէ, պետք է գա, մաքրվի, նոր կերակրեն։ 2022-ի հունվարի 19-ին մեզ ասացին, որ ստամոքսից արյուն է գալիս։ Պատճառը երկար չկերակրելն էր։ Դալլաքյանը և իր տղան, որը նույն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժական գծով տեղակալն է, այդ ընթացքում ոչ երեխայիս մոտեցան, ոչ էլ նայեցին։ Մտա Աննա Չոբանյանի մոտ, հարցրի, թե ինչու բժիշկները չեն գալիս, երեխայիս չեն նայում․ հաջորդ օրը հայտնվեցին»,-պատմում է հայրը։ 

Մահվան էպիկրիզում նշվում է, որ 2021-ի դեկտեմբերի 29-ին վիրահատություն է կատարվել, էքստերնալիզացված որովայնային կաթետերների հեռացում, շունտավորում․ «2022-ի հունվարի 12-ից հիվանդը դարձել է հեմոդինամիկ անկայուն, ինչը կորեկցվել է ինոտրոպի շարունակական ինֆուզիայով՝ դեղաչափը բարձրացնելով ըստ հեմոդինամիկ ցուցանիշների։ Հունվարի 21-ից դիտվել է հեմատինային արտադրություն նազոգաստրալ զոնդից և տրախեոստոմիկ խողովակից, նշանակվել է հակախոցային բուժում»։

Կարեն Հայրապետյանը պատմում է, որ  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի որդին՝ Դավիթ Դալլաքյանը գոհ չի եղել, որ Լիլիթի ծնողները խորհրդակցում են այլ բժշկի՝ Խաչատուր Բադալյանի հետ․ «Եկել է, ուղիղ կնոջս չի ասել, բայց այնպես է արել, որ լսի․ «Այստեղ մենք ենք ասում, մեզ ասողներ չպիտի լինեն։ Մենք ենք որոշում»։ Նման խոսակցություն է տանում, լսացնում»։ 

Աղջկա հայրը շարունակել է խորհրդակցել Խաչատուր Բադալանի հետ։ Բժիշկը հարցրել է՝ գաստրոսկոպիա արվե՞լ է, ամինակապրոնային թթվով ստամոքսը լցվե՞լ է, պատասխանել է, որ՝ ոչ, չի արվել․ «Պրոֆեսորը ասում է, որ շտապ դա պետք է անեն։ Զանգում եմ Աննա Չոբանյանին, ասում է՝ 15 րոպեից դա են անելու։ Արյունը իջել էր 45, Բադալյանն ասում է՝ թող շտապ 2-3 անգամ արյուն ներարկեն, որպեսզի արյան տոկոսը բարձրանա։ Բերում են, օրը մեջ սկսում են արյուն ներարկել, որը էֆեկտ չի տալիս։ Բացի դրանից, ես իմանում եմ, որ արյուն ջրիկացնող դեղն էլ այդ վիճակում շարունակում են տալ երեխային։ Ես հասկացա, որ միտումնավոր թերություններով են այդ ամենը անում։ Կարող եմ նաև ապացուցել, որ հիվանդանոցում օգտագործում են ժամկետն անցած ստոմա։ Կասկածներ ունեմ, որ երեխայիս նման մի բան են դրել։ Երեխայի շնչառության հետ խնդիրներ առաջացան։ Բերեցին, նկարեցին․ թոքերի ներքևի մասը սպիտակած էր, բորբոքային պրոցեսի նման մի բան էր սկսել։ Երկար պառկողների մոտ էդպես լինում է։ Իբր բուժում են, անցնում է 10 օր, նորից նկարում են, տեսնում եմ՝ ավելի մեծ հատված է սպիտակել։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ինձ ասում է՝ ամեն ինչ լավ է, դեպի լավն է գնում։ Հավատացի»։ 

15-ամյա աղջկա մահվան էպիկրիզում նշվում է, որ հունվարի 24-ին հրավիրվել է կոնսիլիում, որին մասկացել են հայր և որդի Դալլաքյանները, Վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը, բժիշկներ Բաղյանը, Բդոյանը և Խաչատուր Բադալյանը (հեռախոսով), որի ընթացքում որոշվել է շարունակել հեմոստատիկ կոնսերվատիվ բուժումը և հունվարի 25-ին կատարվել էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ կամ գաստրոսկոպիա, ստամոքսադիտում)։

ԲԿ-ից Iravaban.net-ին հայտնել են, որ պրոֆեսոր Բադալյանին բացառության կարգով է թույլատրվել  կատարել խորհրդատվություն և վիրահատություն՝ ելնելով ծնողի համառ պնդումների և կոնֆլիկտային իրավիճակը մեղմելու մղումից։

«Հունվարի 25-ին որոշում են, որ հետազոտությունը պետք է անեն։ Իջանք, դեղեր պետք է գնեինք, վերադարձանք։ Ասել էին՝ 25 րոպեից ավել չի տևի։ Ասացին, որ չեն ավարտել։ Կինս մի այլ կնոջ հետ սկսեց խոսել, աչքս ընկավ բացված դռանը, տեսնեմ՝ արհեստական շնչառություն են տալիս երեխայիս։ Առաջ գնացի, դուռը բացել եմ՝ տեսնեմ 120 զարկ սիրտը, շնչառությունը 0, ճնշում գրեթե չկար։ Կոկորդի վրա դրված շնչելու սարքից արյուն էր դուրս գալիս։ Իր արյան մեջ խեղդվել է աղջիկս։ Չհասկացա, թե ինչ է կատարվում։ Դալլաքյանի տղան թեքվեց, սկսեց վրաս գոռալ, թե՝ խանգարում եք, դուրս եկեք։ Ես բավականին հեռու էի կանգնած, ասացի՝ չեմ խանգարում, գնա երեխուս փրկի։ Երեխայովս զբաղվելու փոխարեն ինձ հետ էր վիճում։ Անվտանգության աշխատակիցները մոտեցան, դուրս եկա։ Երեխաս մահացավ»,-ասում է Կարեն Հայրապետյանը։

Ըստ մահվան էպիկրիզի՝ ԷԳԴՍ-ի ժամանակ էրոզիվ-խոցային էգոֆագոդուոդենիտ՝ արյունոտ մակերեսներով․ միջամտությունից 15 րոպե անց դիտվել է հեմոդինամիկ անկայունություն, դեսատուրացիա, բրադիառիթմիա։ Սկսվել են ՍԹՎ միջոցառումներ (սրտի անուղղակի մերսում, ատրոպիա, ադրենալին, նատրիումի բիկարբոնատ)։ Սրտի ռիթմը կարճատև վերականգնվել է, որից հետո այն կանգ է առել։ 13։40-ին գրանցվել է կենսաբանական մահ։ 

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից պնդում են, որ միշտ գնահատվել է ծայրահեղ ծանր, զարգացել են բազմաթիվ սպասվելիք բարդություններ։ Կենսաբանական մահը արձանագրվել է օրգանիզմի ողջ ռեսուրսների սպառման արդյունքում։

15-ամյա Լիլիթի հայրը սակայն այլ կարծիք ունի։ 

«7 ու կես ամսվանից հետո մի բան հասկացա․ Դալլաքյանն իր արածը արեց։ Սկզբից ինչ ասաց՝ դա էլ արեց։ 7 ու կես ամսվա ընթացքում ով ծնողներից իրենց աչքից ընկնում էր, լավ բանի չէր հասնում։ Իմ երեխուն մի ուրիշ տականք մեքենայի տակ գցեց, բայց Դալլաքյանները գործը ավարտին հասցրին։ Վերակենդանացման բաժանմունքում շատ երեխաներ կային, մենք մոտ 8 ծնողներով մոտիկ էինք դարձել, առավոտից երեկո իրար հետ էինք։ Այդ 8 ծնողների երեխաներից միայն 2-ն են ողջ մնացել»,-նշում է Կարեն Հայրապետյանը։  

Նախաքննության ընթացքը

ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – Մեր զրուցակիցը համոզված է՝ թերություններով է կատարվում նաև դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ BMW X5-ի վարորդ Ամարաս Գասպարյանը պնդել է, թե 30 կմ/ժ արագությամբ է վարել մեքենան, սակայն վրաերթի ենթարկված աղջկա հայրը պնդում է՝ Գասպարյանը գերազանցել է արագությունը։ 

Դեպքից 2-3 ամիս հետո, Կարեն Հայրապետյանի պնդմամբ, մեքենան Երևանի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում չի եղել։

«Ամենուր փնտրել ենք, չի եղել։ Նորից եմ մոտեցել, ասել են՝ մեկ-մեկ թանկանոց մեքենաներ են լինում, մենք թույլ ենք տալիս պլոմբելուց հետո տանել գարաժ։ X5-ը արդեն դարը անցած մեքենա է, իր մեքենան, համենայն դեպս, թանկանոց չի։ Երեխայի մահից հետո նորից եմ գնացել, մեքենան արդեն այնտեղ է եղել։ Նկարներ եմ արել, դա 7 ու կես ամսվա կայանված մեքենա չի, մաքուր կանգնած է»,-նշում է նա։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆIravaban.net-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանության պարեկային ծառայությունից հայտնեցին, որ հունիսի 6-ից մինչև օրս 24TV444 հաշվառման համարանիշով BMW-ն ծառայության Երևանի քաղաքի գնդի պահպանվող տարածքում է։

Բացի այդ, ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչը չի վերցրել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ 

Կարեն Հայրապետյանը պնդում է՝ տեսուչը վերցրել է տեսագրությունները, սակայն դրանք հետո անհետացել են։ Հետո բացատրություն է տվել, որ թերացել է, չի վերցրել։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ – Երևանի դատախազությունից մեզ հայտնեցին, որ վերջինիս նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդություն  է ներկայացվել ոստիկանապետի տեղակալին։

Կարեն Հայրապետյանը նշում է, որ տեսուչը չի հարցաքննել նաև վթարի հարևանությամբ գտնվող պահակակետի հերթապահին։ Ինքն է խոսել նրա հետ։ Հերթապահը ասել է, որ տեսուչը 4-5 օր անց իրեն իր մոտ է կանչել, սակայն վերջինիս բացատրությունը գործի նյութերում չկա։ 

Նշվում է, որ Ամարաս Գասպարյանը գործով ունի մեղադրյալի կարգավիճակ։

«Կատարվել են քննչական և դատավարական մի շարք այլ գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ, հետաքննվել են վկաներ։ ․․․Ձեռք բերված փաստական տվյալները պարունակում են նախաքննական գաղտնիք և քննության ներկա փուլում հրապարակման ենթակա չեն»,-նշվում է դատախազության պատասխանում։

ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – Կարեն Հայրապետյանի խոսքով՝ առաջին 4 ամիսների ընթացքում Գասպարյանը հետարքրքություն է ցուցաբերել, որոշ դեղեր է գնել, սակայն հետո սկսել է զանգերին չպատասխանել։ Աղջկա հայրը քննիչից իմացել է, որ Գասպարյանը հրաժարվել է բացատրություն գրելուց․ «Ես կհասկանայի, եթե ինքը ասեր՝ Կար, հնարավորություն չունեմ։ Ես մարդկայինով կմոտենայի հարցին, բայց իրենք որոշեցին նման կերպ լուծել խնդիրը։ Երեխաս մահացավ, մի անգամ չզանգեց, չասաց՝ ցավակցում եմ»։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ – «Շտապբուժօգնությունից» Iravaban.net-ին հայտնեցին, որ բժիշկը վարորդին զննել է պացիենտին ստացիոնար հիվանդանոց տեղափոխելուց և հետ վերադառնալուց հետո. «Վարորդն ունեցել է բուժօգնության կարիք, որից հրաժարվել է: Գտնվել է հոգեբանորեն անկայուն վիճակում, անդադար հարցրել է, կապրի՞ արդյոք վթարի ենթարկված աղջիկը»:

Լիլիթի հայրը նաև պնդում է, որ 2 վկարներ են եղել, որոնք հետագայում հրաժարվել են իրենց վկայություններից։ Մեկին ինքը ճանաչել է։ Վերջինս Կարեն Հայրապետյանին ասել է, որ վրաերթը անցումի մոտ է եղել։ Նա հավաստիացրել է, որ վկայություն կտա։

«Հետո քննիչը գալիսա էդ մարդու մոտ, վկայի տղային է տեսնում ու ասում, որ ես ձայնագրել եմ իրեն։ Ասում է՝ հորդ զապիս է արել, տրամադրում է իմ դեմ։ Դրանից հետո հայրը հրաժարվում է իր տված վկայություններից։ Ես հետո իրեն տեսնում եմ ու հարցնում՝ չես ամաչո՞ւմ, ինձ այլ բան էիր ասել։ Նա ինձ ասաց՝ ձայնագրություն չանեիր, չէ փոխի ցուցմունքս»,-պատմում է Լիլիթի հայրը։ 

Հայր և որդի Դալլաքյանները․ շահերի բախում, էթիկա

Iravaban.net-ը հարցում է ուղարկել նաև Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, արդյո՞ք հոր կողմից որդուն իր տեղակալ նշանակելը շահերի բախման խնդիր առաջացնում է, թե ոչ։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ – Ի պատասխան հարցման՝ քաղաքապետարանից հայտնել են, որ ընկերության տնօրենը ինքնուրույն է իրականացնում իր կադրային քաղաքականությունը՝ հիմնվելով Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հաստիքացուցակի վրա,  և անձամբ նշանակում իր տեղակալներին:

«Ընկերության կանոնադրությամբ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով ընկերության տնօրենի և տնօրենի տեղակալների կամ առանձին բաժանմունքի ղեկավարների փոխկապակցվածության կամ շահերի բախման մասով դրույթներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն»,-հայտնում են քաղաքապետարանից։

Պատասխանում նշվում է նաև, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վերջին անգամ աուդիտ իրականացվել է 2019 թ.-ին՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 838-Ա կարգադրությամբ:

Բացի այդ, 15-ամյա Լիլիթի հայրը պատմում է, որ հիվանդանոցում իր և այլ ծնողների հարազատների հետ Դալլաքյանները կոպիտ են խոսել, որոշ դեպքերում` վիրավորել։ 

«Սուրբ Աստվածամայր»-ից ստացված պատասխանի համաձայն՝ երեխայի վիճակի բարդության մասին բացատրությունները Կարեն Հայրապետյանի կողմից ընդունվել են մեծ դժվարությամբ, դժգոհությամբ, ագրեսիվ, երբեմն՝ գռեհիկ ընդհարումներով վերակենդանացման բաժանմունքի աշխատակազմի հետ, բուժանձնակազմի նկատմամբ բազմաթիվ նսեմացնող, անհիմն վիրավորանքներով և սպառնալիքներով։ 

«Ես կարծում եմ, որ իմ երեխայի մահվան համար մեղավոր են Նիկոլայ Դալլաքյանը և նրա որդին»,-պնդում է Լիլիթի հայրը։

Նրա խոսքով՝ աղջկա մահից հետո Նիկոլայ Դալլաքայանը մոտեցել է կնոջը, ցավակցել է։ Լիլիթի մայրն էլ արձագանքել է ու ասել՝ 2 ամսվա ընթացքում չի մոտեցել իրենց, երեխան ձեր պատճառով է մահացել։ Դրան արձագանքում է Դալլաքյան կրտսերը․ «Արի, արի։ Սրանց հետ գործ չունես»։

———————

Կարեն Հայրապետյանն Iravaban.net-ին է դիմել շուրջ 8 ամսվա ընթացքում իր տեսածը ներկայացնելու, կատարվածի վերաբերյալ իր դիտարկումներով կիսվելու համար։ Նա մեծ հույս ունի, որ դեպքի և դրան հաջորդող մանրամասները բացահայտնելով կհասնի արդարության, և որ իրավապահ մարմինները կգործեն Հայաստանի Հանրապետության օրենքներով առաջնորդվելով։ 

Լիլիթի հայրը հույս ունի, որ հրապարակումը կօգնի, որպեսզի իր ընտանիքի հետ կատարվածը չկրկնվի․ «Իմ աղջիկը պետք է ապրեր»։

———————

Հայտնում ենք, որ երեխայի լուսանկարները, նյութում առկա բժշկական բոլոր տեղեկությունները, այդ թվում դրանց լուսանկարները տրամադրվել են մահացած երեխայի հոր՝ Կարեն Հայրապետյանի կողմից, ով իր համաձայնությունն է տվել դրանք հրապարակել։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել