Ոստիկանությունը կիրառել է ժամկետանց լուսաձայնային նռնակներ, դա է քաղաքացիների և ոստիկանների ստացած վնասվածքների ծանրության պատճառը․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստացածս տեղեկությունների համաձայն ոստիկանության կողմից այսօր հատուկ միջոցներ են կիրառել ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 (Դավիթաշենի զորամասի) և թիվ 1033 զորամասի (Արգավանդ) հատուկ միջոցներ կիրառող վաշտի անձակազմից։

Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։

Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր:

Ըստ մասնագետների վկայությունների քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է:

Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը:

Դատախազության հսկողությամբ, հակակոռուպցիոն կոմիտեն պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին»,- գրել է նա:

Ավելի ուշ Արսեն Բաբայանը արել է մեկ այլ գրառում, որում ասվում է․

«Այսպիսով, անրաժեշտ եմ համարում՝

1) մինչև առավոտյան ժամը 10:00-ն հանրությանը տեսանելի և վստահելի եղանակով անկախ փորձագետներին տրամադրել այսօր կրակված արկերի պարկուճները, որպեսզի հնարավոր լինի ստուգել դրանց պիտանելիության ժամկետը: Դրանից ուշ ներկայացնելը կառաջացնի կասկածներ, որ բերվել են այլ վայրից և կապ չունեն իրականում կրակվածների հետ:

2) Հանրության համար վստահելի եղանակով ներկայացնել արկերը կրակելու ոստիկանապետի հրամանը: Այդ հրամանը զորքերին հասցնելու եղանակը: Ըստ հավաստի տեղեկությունների մինչ այս պահը այդպիսի հրաման ոստիկանության զորքերում չի ստացվել:

Քրեադատավարական ընթացակարգով պարզել՝

1) ինչու է ոստիկանության զորամասերում պահվում ժամկետանց զինամթերք (հատուկ միջոցներ), դրանք, օրենքի համաձայն, ժամկետն անցնելու պահից պետք է անհապաղ ոչնչացվեն:

2) Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ, որի կիրառումը թույլատրելի է բացառապես ոստիկանապետի գրավոր հրամանով:

3) Ստուգել ոստիկանության զորքերի բոլոր պահեստները և հայտնաբերել ժամկետանց ամբողջ զինամթերքն ու հատուկ միջոցները, որոնք պահվում են մինչև հիմա»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել