Մոսկվայում սպանված Հովհաննես Կամարյանը Հայաստանում հետախուզվում էր ծանր հանցագործության համար։ Telegram 112 ալիքի տվյալներով՝ 2013-ին Հայաստանում նա փորձել է կազմակերպել իր հակառակորդի, Մադոյան անունով անձի սպանությունը։ Կամարյանը սպանության համար խոստացել է 500 հազար դոլար վճարել, սակայն այն կանխվել է ՀՀ ոստիկանների կողմից։
Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հաստատել է, որ Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում սպանված տղամարդը հայաստանյան ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանությունը նախապատրաստելու համար։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի կենտրոնում տղամարդու սպանության մեջ կասկածվողին:
«Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչությունը օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում ձերբակալել է հունիսի 2-ին Կոմսոմոլսկի պողոտայում կատարված առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվողին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Կոմսոմոլսկի պողոտայում սպանությունը տեղի է ունեցել հունիսի 3-ի գիշերը։ Անհայտ անձը հրազենով կրակել է տղամարդու մեջքին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն»։
Թե կոնկրետ ինչով է պայմանավորված հանցագործությունը, հայտնի չէ։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ սպանությունը կարող էր պատվիրված լինել։ Ենթադրվում է, որ սպանվածը գործարար էր, և հարձակումը կարող էր կապված լինել նրա մասնագիտական գործունեության հետ։