Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք` հետազոտության նպատակով: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Երբ քննիչը Հրաչյային հայտնել է վթարի ժամանակ մահացածների թիվը, վերջինս սկսել է ինքնասպանության մասին խոսել, ինչն էլ վախեցրել է քննիչին: Բացի այդ մեղադրյալի գործերի մեջ պետք է պարտադիր լինի հոգեբուժական կլինիկայից տեղեկանք:
Բացի այս երկու հանգամանքը, թերթը հաղորդում է ևս երկուսը, որոնց պատճառով Հարությունյանին տեղափոխել են նշված կլինիկան:
Նախ նրա մոտ վթարից հետո ախտորոշվել է ուղեղի ցնցում, ինչը ևս հետազոտության կարիք ունի:
Ինչպես նաև Հարությունյանի հարազատներն ասել են, որ նա կոնտուզիա է ստացել Լեռնային Ղարաբաղում: Մասնագետներն այդ հարցը առանց քննության չէին կարող թողնել:
«Քննչական մեկուսարանի այս կլինիկայում կան սենյակներ հոգեբուժական ախտորոշմամբ մարդկանց և նրանց համար, ովքեր քննիչի որոշմամբ գտնվում են հոգեբուժների հսկողության տակ:
Հրաչյա Հարությունյանն այժմ գտնվում է հոգեբուժական բաժնի սովորական սենյակում, և այստեղ ոչ մի արտառոց բան չկա»,- ասել է Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մելցևը:
Նշենք, որ թերթը փոխանցում է նաև, որ Հարությունյանին սովորական բանտախուց կտեղափոխեն ոչ այդքան շուտ, քանի որ վթարից հետո նա կոտրել է նաև ձեռքը, որը գիպսի մեջ են դրել արդեն «Բուտիրկայում»:
Իրավաբան.net