«Մեր հարձակողական անօդաչու թռչող սարքերը, որոնց ունեցած հաջողությունների մասին այժմ երգում են Ուկրաինայում, ղարաբաղյան պատերազմի ժամանակ ներկայացվել են որպես անմեղ մարդկանց սպանող մահվան մեքենաներ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրք առաջնորդի խոսքով՝ երկրները, որոնք հրաժարվել են զենք վաճառել Թուրքիային, միաժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով Սիրիայում ահաբեկիչներին են հանձնել զենքով լի բեռնատարներ։
«Նրանք, ովքեր այսօր բարձր են գնահատում Թուրքիայի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում, երեկ խստորեն քննադատեցին Անկարային։ Չնայած Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի ակնհայտ դերին, մեր երկրի դեմ պատժամիջոցներ կան։ Մենք չենք կարող անտեսել Անկարայի նկատմամբ Ստոկհոլմի սահմանափակումները։
Մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր Թուրքիայի ազգային անվտանգության հարցում, այլ ոչ թե ընդհանրացված դիվանագիտական հայտարարություններ։ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը, որն անտեսում է Թուրքիայի անվտանգության հիմնարար պահանջները, օգուտ չի բերի ոչ Անկարային, ոչ էլ դաշինքին»,- ասել է Էրդողանը: