Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս Telegram-ի իր ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Սոչին կրկին դարձել է միջպետական կարևոր երկխոսությունների հարթակ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն ժամանել է մեր քաղաք՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ»,- ասվում է Սոչիի ղեկավարի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Սոչիում նման հանդիպումների անցկացումը, որտեղ քննարկվում են պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման թեմաները, քաղաքին միջազգային մակարդակում աճի և առաջխաղացման լրացուցիչ հնարավորություններ է տալիս։ Նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 23-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցեր՝ շեշտը դնելով Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության վրա, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդի թեմաներ։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են այս երկկողմ շփման շուրջ մայիսի 16-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ-ի հոբելյանական գագաթնաժողովի ժամանակ։