Արևմուտքն աչք է փակում Ուկրաինայում վաղուց նկատվող նեոնացիզմի վրա և իրականում խրախուսում է այն, երկուշաբթի հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովում։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Ցավոք սրտի, մեր հարևան երկրում՝ Ուկրաինայում, նեոնացիզմը երկար ժամանակ տիրում է, ինչի վրա, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի մեր որոշ գործընկերներ աչք են փակում և, հետևաբար, փաստացի խրախուսում են նրանց գործունեությունը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նրա խոսքով՝ ամենուր ծայրահեղականներ կան:
«Նրանք այսպես թե այնպես դուրս են սողում ընդհատակից և դրսևորվում: Բայց ոչ մի տեղ, ես ուզում եմ սա շեշտել, ոչ մի տեղ պետական մակարդակով նացիստներին չեն հերոսացնում: Դա ոչ մի տեղ չի արվում, ցավոք, դա տեղի է ունենում Ուկրաինայում», – ասել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներին մանրամասն կտեղեկացնի Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին:
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանը, մենք անպայման կքննարկենք այն: Ես ձեզ մանրամասն կտեղեկացնեմ, թե դա ինչի հետ է կապված, ինչպես է ընթանում այս մարտական աշխատանքը: Բայց մենք դա կանենք, իհարկե, փակ դռների հետևում»,- հավելել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի նպաստել ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմանը։
«Մենք ամեն ինչ անելու ենք ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ գործընկերությունը, համագործակցությունը բարելավելու և զարգացնելու համար»,- ասել է նա։