Բրյուսելյան հանդիպման արդյունքներով հայկական կողմը համաձայնել է խաղաղ համաձայնագրի և սահմանազատման գործընթացի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
Նա նշել է, որ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Խալաֆովը անդրադարձել է նաև «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի (Քարքի)» վերադարձի հարցին՝ նշելով, որ գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։
Այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի ընթացող բանակցությունների արդյունքում.
«Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածքը չեն։ Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այս շրջանակներում։ Կքննարկվի Ադրբեջանին այդ տարածքների վերադարձը, և լուծում կգտնվի»,- հայտարարել է Խալաֆովը։
Նշենք, որ խոսքը մասնավորապես Հայաստանի Տավուշի մարզի յոթ գյուղերի և Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի մասին է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ հինգշաբթի կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ անկալվների հարց բանակցությունների ընթացքում չի քննարկվում, սակայն Երևանը հույս ունի, որ ադրբեջանական անկլավները կմնան Հայաստանի կազմում, իսկ հայկականները՝ Ադրբեջանի։