«Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, այս մարդիկ սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները։
«Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման։ Իհարկե, մենք հետևում ենք այս գործընթացներին։ Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ 5-6 հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր «Դիմադրության» շարժման հրավիրած ցույցերի 10-րդ օրն է։
Շարժման առաջնորդներից մեկը, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցած մի քանի օրերի ընթացքում մենք արդեն բավական մեծ գործ ենք արել։ Նույն ոգով և նույն տեմպով առաջ ենք գնում։
Այսօր ժամը 12-ին հավաքվում ենք Երևանի չորս տարբեր վարչական շրջաններում և երթով շարժվում դեպի կենտրոն։ Միացե՛ք պայքարի ձեր ընկերներին հետևյալ վայրերում.
1. Գայի պողոտա՝ Mega Mall առևտրի կենտրոնի դիմացի մայթ:
2. Րաֆֆու փողոց՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ:
3. 15 թաղամաս՝ Գ. Չաուշի արձանի հարևանությամբ:
4. Սասունցի Դավթի արձանի դիմաց»,-գրել է նա: