Մակրոնը կարծում է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է տասնամյակներ տևել

Ուկրաինային ԵՄ-ում ընդունելու գործընթացը կարող է տևել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք բոլորս լավ գիտենք, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին թույլ տալու գործընթացը կտևի մի քանի տարի, ավելի ճիշտն ասած՝ տասնամյակներ։ Եթե, իհարկե, մենք չորոշենք իջեցնել Եվրամիությանն անդամակցելու չափանիշները»,-ասել է Մակրոնը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկիին հարցաշար է փոխանցել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ Նա ընդգծել է, որ փոխանցվող փաստաթուղթը «հիմք է հանդիսանում առաջիկա ամիսների քննարկումների համար»։

Ավելի ուշ Զելենսկին ասել է, որ հարցաթերթիկի լրացված առաջին մասը փոխանցել է Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին։ Նա հավելել է, որ Ուկրաինան շուտով ԵՄ-ին կփոխանցի պատասխանների երկրորդ մասը։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Զելենսկին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանն աջակցել է Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ շնորհող բանաձևին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել