Ռուսաստանի Դաշնության զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում պայքարում են Դոնբասում ժողովրդի համար, հայրենիքի անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթից առաջ։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից:
«Այժմ այս օրերին դուք պայքարում եք Դոնբասում մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի՝ Ռուսաստանի անվտանգության համար: Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք անվտանգության երաշխիքի պայմանագիր կնքել, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել՝ միմյանց շահերը հաշվի առնելով: Իզուր: ՆԱՏՕ-ի երկրները չէին ուզում լսել մեզ», – հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի հրաժարվի հայրենիքի, հավատքի և ավանդական արժեքների հանդեպ սիրուց։
«Մենք երբեք չենք հրաժարվի հայրենիքի հանդեպ սիրուց, հավատից ու ավանդական արժեքներից, մեր նախնիների սովորույթներից, հարգանքից բոլոր ժողովուրդների ու մշակույթների հանդեպ։ Իսկ Արևմուտքում հազարամյա այս արժեքները, ըստ երևույթին, որոշել են չեղյալ համարել»,-նշել է Պուտինը: