Վաղը՝ մայիսի 2-ին, մի շարք փողոցներ փակ կլինեն՝ անհնազանդության ակցիաների շրջանակներում։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքին։
«Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ասել էի դեռ 4 օր առաջ․ ամսի 1-ից հետո անձնական աշխատանքներ չպլանավորեք, վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, իսկ ո՞վ է դա անելու՝ մենք բոլորս։
Վաղը Կենտրոն համայնքում հատկապես, որևէ մեքենայի շարժ չպետք է լինի։ Կոչ եմ անում մեր հայրեցնակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը ներողություն խնդրեց բոլոր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին պատճառվելիք անհարմարությունների համար։
«Էս քանի օրը պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, ընկնենք, վեր կենանք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տևելու։ Դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն։ Ինչ ենք անում՝ վաղը առավոտ 8։30-ից սկսում ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ։
Սիրելի հայրենակիցներ, ցանկացած գործ հաջողելու համար պետք է լինի կարգ ու կանոն և կազմակերպվածություն։ Առաջին պայմանը՝ երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի կամ կռվի չեք բռմնվում, մենք մի քանի օր առաջ պայմանավորվել ենք՝ իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր հայրենակիցներն են, իրենց պետք է բացատրենք, հասկացնենք, որ մենք պայքարում ենք նաև իրենց համար։
Երկրորդը՝ մենք անկարգություններ չենք անելու, բայց պինդ, վճռական, մինչև վերջ և կազմակերպված գնալու ենք առաջ»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշել էր, որ քիչ հետո վրաններ և համապատասխան միջոցներ կտեղադրենք՝ գիշերն անցկացնելու համար։