Համաժողով` նվիրված վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումներին

Այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը՝ ԱՄՆ դեսպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, անցկացրեց Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով, որին մասնակցում էին ԱՄՆ-ից երկու դաշնային շրջանային դատավորներ, ԱՄՆ դեսպանատան մեկ միջնորդ դատավոր և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ: 

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քերըն Հիլլարդը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը: Վերջիններս խոսեցին ՎԱԿ համակարգի առավելությունների մասին: Քերըն Հիլլարդը հույս հայտնեց, որ խնդիրները լուծելու այս նոր միջոցը տնտեսության ոլորտում կխթանի ներդրողների վստահությունը, ինչպես նաև Հայաստան կբերի նոր ներդրողներ և աշխատատեղեր: ԱՄՆ շրջանային դատավորներ Ռիկարդո Մարտինեսն ու Ռոբերտ Լասինկը ներկայացրեցին ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը:

Համաժողովի ժամանակ կազմակերպվեց նաև դատախաղ, որի միջոցով մասնակիցներն ավելի մանրամասն և պատկերավոր ծանոթացան արբիտրաժի և միջնորդության տարրերին: 

Համաժողովի ավարտին անդրադարձ կատարվեց նաև ՀՀ արդարադատության և «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի կողմից համատեղ իրականացվելիք միջոցառումներին և պլաններին, ըստ որոնց` նախատեսվում է ճանապարհային քարտեզի ստեղծում, օրենքների նախագծերի մշակում, ՎԱԿ համակարգի մասին հանրային լսումներ և իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ միջոցառումներ: 

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի հուլիսի 11- ին ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների, ինչպես նաև վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարելավման վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել