Նախօրեին Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթի ենթարկված հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի, ամուսին՝ Աշոտ Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը։ 8 ամիս և 2 օր ես մոլորակի ամենաերջանիկ մարդն էի։ Նրա ժպիտը կարող էր միավորել ազգերին, իսկ նրա գրկում ավելի տաք էր, քան՝ արևի: Երեկ ավտովթարից նա մահացավ մեր դեռևս լույս աշխարհ չեկած դստեր հետ։ Եթե միայն ավելի շատ ժամանակ ունենայինք։ Մենք հանդիպեցինք 2021 թվականի օգոստոսի 24-ին։ Տարօրինակ իրադարձություն էր, ինչ-որ 60 րոպեանոց քննարկում: Դրանցից 59-ը ես ծախսեցի՝ հետևի շարքի աղջկան նայելով:
Մենք նորից հանդիպեցինք, ես համառ գտնվեցի։ Ես ավելի ու ավելի էի սիրահարվում նրա ամեն առաջարկին: Նա հեռատես էր, կառուցում էր իր երազանքները դեպի ապագա: Ուժեղ փոքրիկ աղջիկ, որ ղեկավարում էր տեխնոլոգիական ֆանտաստիկ ընկերություն: Նա միջազգային համագործակցություններ էր ձեռք բերում և երբեք վարկ չէր վերցնում։
Նա միշտ ժամանակ էր գտնում քնի և բարեկեցության գնով հետպատերազմյան շրջաններում դպրոցներ կառուցելու համար։ Նա այնքան բարձր կդներ նշաձողը, որ ոչինչ և ոչ ոք չէր կարող համապատասխանել իր չափանիշներին: Ահա թե ինչպես էր նրան աշխարհը տեսնում, բայց ինձ համար նա իմ փոքրիկ քաղցր դդումն էր։ Իմ երբևէ ճանաչած ամենանուրբ մարդը:
Ես 26 տարեկան էի, իսկ նա՝ 28: Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ, մինչև գտանք միմյանց: Եվ դա պատահականություն էր, ստեղծված դրախտում: Առաջին աղջիկը, ում համբուրեցի։ Մենք ոչ մի վիճաբանություն չենք ունեցել։ Տարբեր երկրների քաղաքացիներ, կյանքի տարբեր փորձառություններով, մենք չէինք կարող ավելի նման լինել: Դա բացարձակ ներդաշնակություն էր և իսկական երջանկություն։ Նա ամբողջովին փոխեց ինձ:
Սոնա, իմ Սոնա․․․»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Վերջինս ձերբակալվել է:
Ինչպես արդեն հայտնել ենք, վրաերթի ենթարկված հղի կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն սրտի կանգով, ինչի մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Նրա խոսքով՝ մոտ մեկուկես ժամ բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն չի հաջողվել: