Վրաերթի ենթարկված հղի կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն են բերել արդեն սրտի կանգով: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Նրա խոսքով՝ մոտ մեկուկես ժամ բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն չի հաջողվել:
«Իրեն բերել էին արդեն մահացած՝ սրտի կանգով: Մենք անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Որից հետո դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով»,- ասաց բժիշկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ ապրիլի 26-ին, «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ աղջկա:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ նախնական տվյալներով՝ Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։