Պատգամավորը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ աղջկա. ոստիկանությունը ներկայացրել է դեպքի մանրամասները

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ աղջկան: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ժամը 8-ից 10 է պակաս, երկրի ղեկավարի ավտոմեքենան չգիտեմ որտեղ է, բայց նա աշխատանքի չէ: Անտեր է թողել երկիրը: Վախեցել ու փախել է: Այնքան է վախեցել ու փախել, որ նրա ավտոշարասյունը երիտասարդ աղջկան վրաերթի է ենթարկել»,- ասաց պատգամավորը:

Տեղի ունեցած վրաերթի մասին հայտարարություն է տարածել նաև ոստիկանությունը, որում նշվում է.

«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել