Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում պետք է արձագանքել մի շարք հարցերի.

Հարց – Ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնություն ցուցաբերելու համար:

Պատասխան – Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երեւացել ու չէր կարող երեւալ: Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրը անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել եւ չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել:

Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել եւ պարզել ինչ է տեղի ունեցել: Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց:

Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին եւ իրավապահներին:

Հարց – ՃՈ աշխատողները չէին կարող չնկատել վթարը: Ինչու՞ նրանք չեն կանգնել օգնություն ցուցաբերելու:

Պատասխան – ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթեւեկությունը եւ լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաեւ հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին եւ տուժողին մոտենալուն: Նաեւ նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում:

Հարց – Ինչու վարչապետը ցավակցություն չի հայտնել վրաերթի կապակցությամբ:

Պատասխան – Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան եւ նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է:

Ինչպես արդեն հայտնել ենք, վրաերթի ենթարկված հղի կնոջը «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն սրտի կանգով, ինչի մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:

Նրա խոսքով՝ մոտ մեկուկես ժամ բժիշկները փորձել են փրկել կնոջ կյանքը, սակայն չի հաջողվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել