Դատավորների միության 25 ամայակի առթիվ մի շարք դատավորներ, իրավաբաններ, ՔՀԿ ներկայացուցիչներ, դասախոսներ այցելեցին Կոմիտասի տուն-թանգարան։ Միջոցառման բացման արարողությանը ելույթ ունեցավ Միության առաջին նախագահ Ալվինա Գյուլումյանը։ Նշենք, որ Դատավորների միությունը հիմնադրվել է 1997 թվականին։
«Մենք մտածեցինք, որ կարող ենք ստեղծել մի հարթակ, որտեղ դատավորները կարող էին տեղյակ լինել միմյանց խնդիրներից և կարող էինք լսելի դարձնել մեր ձայնը՝ մեզ վերաբերող քաղաքականության հարցում, և որն ամենակարևորն է կարող էինք որոշակի ներդրում ունենալ դատավորների անկախության ամրապնդման հարցում, քանի որ մեզնից յուրաքանչյուրը խիստ կարևորում է դատական իշխանության անկախությունը՝ համարելով այն սկզբունքային հարց»,-ասաց նա։
Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ դատական իշխանության անկախությունն ապահովելը գործնականում միշտ չէ, որ հեշտ է տրվում։
«Այդ սկզբումնքի կիրառումը փխրուն է անգամ եվրոպական մի շարք հարուստ ավանդույթներ ունեցող երկրներում։ Դրա մասին է վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներ, որոնցով խախտում է արձանագրվել արդարադատաքննության իրավունքի՝ հենց այն հիմքով, որ ապահոված չի եղել դատարանների անկախությունը և անաչառությունը»,-նշեց նա։
Դատավորների միության ներկայիս նախագահ Ալեքսանդր Ազարյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին և կարևորեց Արցախի Հանրապետության պատվիրակության ներկայությունը միության 25-ամյակին։
«Այսօր մենք չենք կարող չհիշել երջանկահիշատակ պարոն Դավիթ Ավետիսյանին, ում ներդրումը Միության ստեղծման և կայացման գործում դժվար է գերագնահատել։ 25 տարիների ընթացքում միության ղեկավարությունը կատարել է մեծ աշխատանք, Միության առջև դրված խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մենք այսօր պատրաստակամ ենք շարունակելու այդ աշխատանքները, նոր լիցք հաղորդել այդ աշխատանքներին»,-ասաց նա։
Ալեքսանդր Ազարյանն նշեց, որ Դատավորների միության կարևոր անելիքներից է Արցախի գործընկերների հետ հարաբերությունների ակտիվացումը և դատական իշխանությանը վերաբերող միջազգային կառույցների և այլ երկրների դատավորների միությունների հետ համագործակցության ապահովումը։
Նշենք, որ ելույթով հանդես եկան նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արման Թաթոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և այլք։