ԱԺ նախագահն ու ընտանիքի անդամները անձնական բժիշկ կունենան. ԱԱԾ-ն նոր նախագիծ է ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայությունը «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր է ներկայացրել:

Փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի նախագահին:

Մասնավորապես ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվում է Հանրապետության նախագահից ու վարչապետից բացի, անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա:

Նշվում է նաև, որ հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ:

Նախագծի համաձայն՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.7-րդ հոդվածում կլրացվի հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել