Երեկ պատգամավոր Մարիա Կարապետյանը ներկայացրեց, թե ինչ էր նշանակում փուլային տարբերակը դեռևս 1997 թվականին: Այս մասին ԱԺ-ում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի՝ սկզբից Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր:
«2018 թվականի փաթեթով էլ է այդպես, 2016 թվականի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ և շատ կարևոր մի արձանագրում՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմա կասենք, ինչ լավ բան է՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այստեղ է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ ասելով նկատի էր առնվելու՝ Լեռնային Ղարաբաղի հայեր և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին: Չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, էլ տարածքների մասին չեմ խոսում:
Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր: Եվ դեռ այս փուլայինին ևս մի փուլ է ավելացել՝ Անվտանգության խորհրդի նիստում պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը: Եվ մեզ այսօր ասում են՝ իրենք Ղարաբաղը հանձնում են, կամ հանձնեցին, կամ ուզում են հանձնեն: Եթե մենք Ղարաբաղն ուզենայինք հանձնեինք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ պետք է տեղի ունենար հանրաքվե, այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ես այս մանրամասների մասին խոսել եմ, հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել: Ադրբեջանը շատ հստակ ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու. թող ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ, 50 տարի կապրեն իրար հետ, կողք կողքի, ադրբեջանական բնակավայրերը կբնակեցվեն, կվերադարձվեն 50 տարի, 100 տարի, հետո 100 տարուց հետո կնայենք, որևէ այլ պայմանի մենք համաձայն չենք: Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք. ոչ, պատերազմը Շուշիի համար է եղել»,-նշել է նա: