Ռուսաստանի զինված ուժերը Մարիուպոլի վրա անհայտ ծագման թունավոր նյութ են օգտագործել: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Ըստ կայքի՝ մոտ մեկ ժամ առաջ ռուսական զինված ուժերը Մարիուպոլ քաղաքում ուկրաինացի զինվորականների և խաղաղ բնակիչների դեմ անհայտ ծագման թունավոր նյութ են օգտագործել, որը նետվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքից։
Հաղորդվում է, որ տուժածների մոտ առկա է շնչառական անբավարարություն, վեստիբուլո-ատակտիկ համախտանիշ։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։