ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ.
«Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է։ Երկու երկրների հարաբերությունները հիմնված են հավասարության և բարիդրացիության սկզբունքների, բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Երկրների միջև փոխգործակցության զարգացումն օբյեկտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Համագործակցությունն ակտիվորեն զարգանում է ամենաբարձր մակարդակով՝ արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանական գծով, առանցքային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է. Ադրբեջանը Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերն է ԱՊՀ երկրներից, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ չեն։ Գործարար համայնքների միջև շփումներն ընդլայնվում են, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի միջոցով։ Երկկողմ համագործակցության կարևոր տարր է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։