Միացյալ Նահանգները արտահանման պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից և Բելառուսից 120 կազմակերպությունների դեմ, որոնք կապված են պաշտպանության, օդատիեզերական և ծովային ոլորտների հետ։ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը ուրբաթ օրը տեղադրել է համապատասխան ծանուցումը Դաշնային ռեգիստրում՝ ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի հավաքածուում, հայտնում են ТАСС-ը։
Նշվում է, որ սև ցուցակում հայտնված բոլոր կազմակերպությունները «գործել են հակասելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության կամ արտաքին քաղաքականության շահերին»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, այս ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ «այդ կազմակերպություններն այլևս չեն կարողանա ստանալ ամերիկյան բարձր տեխնոլոգիաներ առանց լիցենզիայի»։
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սև ցուցակում է ներառել Բելառուսի ՊԱԿ-ը, ԿԳԲ-ի հատուկ ստորաբաժանման Alfa-ն և Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։