Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի շրջանի բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է Օդեսայի շրջանի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն իր Telegram-ի ալիքում, փոխանցում է Украинская правда-ն:
«Հակառակորդը հենց նոր Ղրիմից Իսկանդեր հրթիռային համակարգից երեք հրթիռ է արձակել Օդեսայի շրջանի բնակավայրերի ուղղությամբ, կան զոհեր»,- գրել է Մաքսիմ Մարչենկոն։
Օդեսայի ղեկավարը հավելյալ մանրամասներ չի հայտնել։ Միաժամանակ նա խոստացել է, որ ռուսները կզղջան յուրաքանչյուր հրթիռի արձակման և իրենց հողերը գնդակոծելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։