37-ամյա կինն իրացրել է թմրանյութ, նա կալանավորվել է. ոստիկանություն

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, մարտի 23-ին Վարդանանց փողոցից և Մաշտոցի պողոտայից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 4 տղամարդու։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոն, մարիխուանա, մեթամֆետամին, քացախաթթվի անհիդրիդի լուծույթներ, օգտագործված ներարկիչներ, կաթուցիչներ, թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված մետաղյա իրեր և ծալովի դանակ:

Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական գործի շրջանակում երկու անձ ձերբակալվել են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բազմակողմանի ստուգումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածներին թմրամիջոցներն իրացրել է Երևանի Կոնդ թաղամասում բնակվող մի կին։ Շուտով պարզվեց, որ նրա ամուսինը հետախուզվում է ապօրինի թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով:

Մարտի 25-ին 37-ամյա կնոջ տան խուզարկությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցներ օգտագործելու համար նախատեսված կոլբաներ, մեթադոնով լցված պլաստմասսե 7 շիշ, էլեկտրոնային կշեռք, օգտագործված ներարկիչներ, թմրամիջոցի հետքերով տարաներ ու սրվակներ։

37-ամյա կինը, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ձերբակալվեց, ապա մարտի 27-ին կալանավորվեց:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել