Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կիևին աջակցություն ցուցաբերելու մասին հարցեր։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, հայտնել է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Այսօր վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Առաջնորդները քննարկել են Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հետագա քայլերը, ներառյալ հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին հարցեր»,- նշված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։