Ռուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ Այս մասին երկուշաբթի՝ մարտի 28-ին, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Բելառուսի Հանրապետության Գոմելի շրջանում ֆիքսվել է «Իսկանդեր-Մ» արձակման կայանների տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև Գլխավոր շտաբի ամփոփագրում հաղորդվում է, որ այժմ ռուսական զորքը հիմնական ուժերը կենտրոնացնում է գրաված բնագծերը պահելու և հարձակողական գործողությունների վերսկսմանը նախապատրաստվելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։