Կրեմլն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ասել է, որ գլխավորը հրադադարի ռեժիմի պահպանումն ապահովելն է բոլոր կողմերի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմի հետ, և, իհարկե, հիմա գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանագրերի պայմանները»- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մարտի 24-ին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնք ու առաջացել գերիշխող դիրք ունեցող Քարագալուխ հատված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի փաստեց, որ թշնամին շարունակում է մնալ նույն հատվածում։

Արցախի տեղեկատվական շտաբից ավելի ուշ հայտնեցին հետևյալը․

«Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։

Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։

Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել