Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ հանձնարարել է զինվորական պատասխանատուներին «պատրաստ լինել ցանկացած պահի կիրառել ժամանակակից սպառազինություն, տեխնիկա և զենքի այլ տեսակներ»։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ մամլո ծառայությունը։
Հասանովը նաև հրահանգել է, որպեսզի լեռնային ու վատ եղանակային պայմաններում «զորքերի համալրումն ու թիկունքային ապահովումը պատշաճ կատարվի»։
Իհարկե, հաղորդագրությունում չի նշվում, թե հատկապես որտեղ ադրբեջանցիները պետք է պատրաստ լինեն «զենք կիրառել», սակայն ակնհայտ է, որ խոսքը վերաբերվում է Արցախի Փառուխ համայնքի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, մարտի 24-ին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ համայնք ու առաջացել գերիշխող դիրք ունեցող Քարագալուխ հատված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ադրբեջանցիները հետ են քաշվել, սակայն ՀՀ ԱԳՆ-ն երկուշաբթի փաստեց, որ թշնամին շարունակում է մնալ նույն հատվածում։
Արցախի տեղեկատվական շտաբից ավելի ուշ հայտնեցին հետևյալը․
«Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։
Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։
Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,-նշվում է հայտարարության մեջ: