Բայդենը Կուլեբային խոստացել է, որ Ուկրաինան կհաղթի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ երաշխավորել է, որ ԱՄՆ աջակցությունը կշարունակվի մինչև Ուկրաինայի հաղթանակը։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Европейска правда-ն։

Ինչպես հաղորդվում է, Ուկրաինայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Ալեքսեյ Ռեզնիկովը և Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը այցելել են Վարշավա՝ բանակցելու իրենց ամերիկացի գործընկերների հետ։ Ինչ-որ պահի Բայդենն անձամբ է միացել Ուկրաինայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Կուլեբայի խոսքով՝ Բայդենը շատ հստակ հասկացել է, թե ինչ են իրենք ասում 2014 թվականից սկսած, որ սա Ռուսաստանի պատերազմը չէ Ուկրաինայի դեմ, սա բռնակալի պատերազմ է ազատ աշխարհի դեմ։

«Նախագահ Բայդենը հանդիպման ժամանակ ասաց՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կփոխի 21-րդ դարը: Եվ ձեզ հետ միասին մենք կհասնենք նրան, որ այդ փոփոխությունները մեր օգտին լինեն։ Նա մեզ վստահեցրեց, որ  ԱՄՆ-ն ամեն ինչում հաստատակամորեն կլինի Ուկրաինայի հետ։ Նա ասել է, որ  ոչինչ չի ստիպի ԱՄՆ-ին շեղել կամ թուլացնել աջակցությունը։ Սրանք նրա խոսքերն են»,- հավելել է Դմիտրի Կուլեբան։

Արտգործնախարարը հայտնել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցը։

«Ես բարձրացրել եմ Ռուսաստանի Դաշնության նավերի և բեռների համար ամերիկյան և եվրոպական նավահանգիստների փակման հարցը: Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես սթափեցնել առանձին եվրոպական երկրներին, որոնք այժմ խուսափում են նոր պատժամիջոցների ներդրումից», – ասել է նա:

Նա նշել է, որ գլխավոր ազդակներից մեկն այն է, որ ԱՄՆ-ն վստահություն ունի Ուկրաինայի հաղթանակի նկատմամբ։

———–

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել