ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման ֆոնին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդագրություններով։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը և լուծել բոլոր հարցերը, այդ թվում՝ հումանիտար բնույթի, առկա ձևաչափերի շրջանակներում ուղղակի երկխոսության միջոցով», – ասել է նա:

_____

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել