Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ մարտի 25-ին, հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ենթադրվում է, որ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական սադրանքի հետևանքով ընթացող ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ։