Եվրամիությունը համերաշխ է Ուկրաինայի ժողովրդի հետ, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ՝ հանուն սեփական ազատության և ժողովրդավարության, և այս առումով Եվրահանձնաժողովն արդեն 3,4 միլիարդ եվրո է հատկացրել՝ օգնելու այս պատերազմից փախած մարդկանց և նման օգնությունը կշարունակվի, փոխանցում է Укринформ-ը:
«Այժմ Ուկրաինայից հեռացել է ավելի քան 3,5 միլիոն մարդ։ Ամեն երկրորդ փախստականը երեխա է։ Եվ այս թիվը կաճի։ Միասին մենք մոբիլիզացրել ենք հսկայական ռեսուրսներ՝ աջակցելու հակամարտության պատճառով տեղահանվածներին ինչպես Ուկրաինայում, այնպես էլ հարևան երկրներում: Այս շաբաթ ես հայտարարեցի, որ Եվրամիությունը լրացուցիչ 3,4 միլիարդ եվրո կտրամադրի այդ նպատակով: Սա ցույց է տալիս մեր աջակցությունը Ուկրաինային և նրա քաղաքացիներին»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։