Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այժմ ժամանակ չունի մեդիա ակտիվության համար, քանի որ բազմաթիվ անհանգստություններ ունի՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության հետ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
Այն հարցին, թե արդյոք հայտնի են նախարարի գտնվելու տեղն ու առողջական վիճակը, Պեսկովն ասել է, որ Շոյգուն հիմա այլ հոգածություններ ունի և մեդիայի ժամանակը չէ: Հատուկ գործողություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ Украинская правда-ն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 11-ից դադարել է հայտնվել հանրային տարածքում, այսինքն՝ 12 օր տեսանելի չէ, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսական գործակալությունները նշել էին, որ մինչև մարտի 11-ը Շոյգուն գրեթե ամեն օր հայտնվում էր լրահոսում։
Շոյգուի շրջապատում քննարկում են, որ նա վատ է: Կան սրտի հետ կապված խնդիրներ, հրապարակմանը պատմել է նախարարի ծանոթը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։