ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկել է դաշինքի գագաթնաժողովի ընթացքում Համաձայնեցնել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տալու հարցը, ներառյալ քիմիական և կենսաբանական զենքից պաշտպանվելու սարքավորումները։
«Ես ակնկալում եմ, որ դաշնակիցները (ՆԱՏՕ) վաղը կհամաձայնեն տրամադրել լրացուցիչ օգնություն, ներառյալ կիբերանվտանգության օգնությունը, ինչպես նաև սարքավորումներ, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանվել քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ և միջուկային սպառնալիքներից»,-Բրյուսելում լրագրողներին ասել է Ստոլտենբերգը։
Հինգշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի առաջնորդները չեն պատրաստվում քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը, խոսքը միայն այս երկրին լրացուցիչ աջակցության մասին է լինելու, ասել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ դաշինքի դաշնակիցները «վճռական են ամեն ինչ անելու Ուկրաինային աջակցելու համար»։
«Բայց մենք նաև պարտավոր ենք թույլ չտալ, որ պատերազմը դուրս գա Ուկրաինայի սահմաններից և դառնա հակամարտություն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, քանի որ դա կհանգեցնի էլ ավելի մեծ թվով մահվան և ավերածությունների»,- հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի մարտի 24-ին Բրյուսելում։