Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները բարդ են, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Բանակցությունները սկսվել են, դրանք դժվարությամբ են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը, թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել այն բաների մասին, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, բայց անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ հրաժարվելով սեփական առաջարկներից»,- ասել է նա։
«Դժվար է ազատվել այն տպավորությունից, որ Ուկրաինայի ձեռքից բռնում են իրենց ամերիկացի գործընկերները, ովքեր, պարզապես չեն ցանկանում, որ այս գործընթացը արագ ավարտվի։ Նրանք ակնկալում են, որ կշարունակեն զենքի մատակարարումը Ուկրաինա: Ակնհայտ է, որ նրանք ցանկանում են մեզ հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցային գործընթացում արեւմտյան երկրների միջնորդությանը, սակայն Մոսկվան հստակ կարմիր գծեր ունի։
Նշենք, որ Ռուս-ուկրաինական բանակցությունները սկսվել են փետրվարի 28-ին։ Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Այս պահին բանակցողները շարունակում են կապ հաստատել տեսակոնֆերանսի միջոցով։ Ռուսական պատվիրակությունը, ինչպես դեմ առ դեմ հանդիպումներում, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։