Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 11-ից դադարել է հայտնվել հանրային տարածքում, այսինքն՝ 12 օր տեսանելի չէ, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները, փոխանցում է Украинская правда-ն:
Նշվում է, որ սովորաբար Շոյգուն շատ ակտիվ է լրատվամիջոցներում։ Պաշտպանության նախարարություն գալով՝ մամուլի ծառայության աշխատակազմը կտրուկ ավելացել է, և գերատեսչությունը սկսել է մեծ ուշադրություն դարձնել իր հանրային իմիջին։
Ռուսական գործակալությունները նշել են, որ մինչև մարտի 11-ը Շոյգուն գրեթե ամեն օր հայտնվում էր լրահոսում։
Շոյգուի շրջապատում քննարկում են, որ նա վատ է: Կան սրտի հետ կապված խնդիրներ, հրապարակմանը պատմել է նախարարի ծանոթը։
Հայտնի է, որ վերջին անգամ ՌԴ ՊՆ ղեկավարը լրահոսում հայտնվել է մարտի 11-ին։ Տեսանյութ կա, որում Շոյգուն պետական պարգեւներ է հանձնում «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցածներին։
Մարտի 18-ին Շոյգուն հիշատակվել է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Շոյգուն։ Հանդիպումից տեսանյութ և լուսանկարներ չեն հրապարակվել։
ՊՆ կայքում Շոյգուի հետ կապված վերջին նորությունները նույնպես թվագրված են մարտի 11-ով։
Հետաքննող լրագրողները նկատել են, որ մարտի 11-ից հետո ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի մասնակցությամբ իրադարձություններ ևս չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։