Չեռնիգովում ռուս զինվորականները ռմբակոծել են Դեսնայի միջով անցնող ճանապարհային կամուրջը, որը քաղաքը կապում էր Կիևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից
Նշվում է, որ կամրջով Չեռնիգովից մարդկանց տարհանման ուղիներն են անցել, նաև այդ կամրջի միջոցով է քաղաքին հասցվել մարդասիրական օգնություն։
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Չեռնիգովում մարտեր են ընթանում, ռուսական զորքերը անընդհատ գնդակոծում են քաղաքը։ Չեռնիգովում չկա էլեկտրականություն և գրեթե չկա հաղորդակցություն, խնդիրներ կան ապրանքների առաքման և պահպանման հետ կապված։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։