«Հարաբերությունները խզման եզրին են»․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանին

Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր՝ մարտի 21-ին, կանչել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից արված անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Մարտի 21-ին ՌԴ Արտաքին գործերի նախարարություն կանչված ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին դեմարշ է արվել և բողոքի նոտա հանձնվել Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից վերջերս արված անընդունելի հայտարարությունների առնչությամբ: Շեշտվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին և ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում։ Նախազգուշացրել ենք, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները կստանան վճռական և կոշտ հակահարված»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ակտուալ երկկողմ հարցեր քննարկելիս դեսպանի առջև «սուր դրվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները»։

Հիշեցնենք՝ մարտի 17-ին Բայդենն անձնական վիրավորանքներ էր հնչեցրել իր ռուս գործընկերոջ հասցեին՝ նրան անվանելով «արյունարբու բռնապետ և լիակատար գլխակեր, որը անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։

Դրանից մեկ օր առաջ, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, ԱՄՆ նախագահն ասել էր, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բայդենի այս հայտարարություններն անվանել էր անընդունելի և աններելի հռետորաբանություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել