Վլադիմիր Զելենսկին կդառնա Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ

Ուկրաինայի քաղաքացիները և նախագահ Վլադիմիր Զելենսկին կդառնան Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ: Այս մասին նշվում  է մրցանակի կոմիտեի կայքում տեղադրված հայտարարությունում։

Նախաձեռնությամբ հանդես են եկել եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները։ Քաղաքական գործիչները հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև այս տարվա մարտի 31-ը երկարաձգելու անհրաժեշտության մասին՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»։

«Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տներին սպառնում են ռմբակոծությունները և զավթիչի բանակը: Մենք վկա ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախության, որը դեմ է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին: Ժամանակն է ցույց տալու ժողովրդին և Ուկրաինային, որ աշխարհն իրենց կողքին է», – ասել են կազմակերպիչները։

Հայտարարությունը ստորագրել է 36 քաղաքական գործիչ՝ մեծ մասը Նիդեռլանդներից:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել