Չորեքշաբթի երեկոյան Կիևի հրետակոծության հետևանքով Պոդոլսկի շրջանի մի քանի առանձնատներ են վնասվել։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, փոխանցում է Украинская правда-ն:
«Երեկոյան հակառակորդը կրկին գնդակոծել է Կիևը, արկերը խոցել են Պոդոլսկի շրջանի մի քանի առանձնատներ»։
Կլիչկոն ասել է, որ հրդեհը տեղայնացվել է, սակայն հրդեհի հետեւանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են։ Տուժածներ առայժմ չեն հայտնաբերվել։ Վնասվել է ցածր ճնշման գազատարը, մասնագետները աշխատում են այն վերականգնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։