Ուկրաինայում ամեն օր՝ առավոտյան 9-ին, լռության րոպե կլինի․ Զելենսկու նոր հրամանագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել համազգային լռության րոպեի մասին՝ հարգելու Հայրենական պատերազմում զոհված բոլոր ուկրաինացիների հիշատակը։

Այս մասին նա ասել է այսօր՝ մարտի 16-ին, ֆեյբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում։

«Այսօր ես ստորագրեցի կարևոր հրամանագիր համազգային լռության րոպեի մասին՝ հարգելու բոլոր ուկրաինացիների հիշատակը, ովքեր զոհվեցին մեր հայրենական պատերազմում, բոլոր նրանց, ում մենք կորցրինք ռուսական ներխուժման պատճառով, օկուպանտների կողմից սանձազերծված ահաբեկչության պատճառով», – ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ամեն առավոտ ժամը 9-ին մեր պետության ողջ տարածքում հիշելու ենք իրենց կյանքը տված ուկրաինացիներին։ Բոլորը, ովքեր կռվել են: Բոլոր զինվորականները և բոլոր քաղաքացիական անձինք: Մեծահասակներ և երեխաներ, բոլոր նրանք, ովքեր դեռ կարող էին ապրել, եթե Ռուսաստանը չսկսեր այս պատերազմը։

Ukrinform-ը հայտնում է, որ փաստաթուղթը նախագահի աշխատակազմի կայքում դեռ հրապարակված չէ։

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել