Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին կոչ է արել ռուսական լքված տեխնիկա տեսնելու դեպքում հայտնել Ուկրաինայի զինված ուժերին։
Այս մասին նա ասել է այսօր՝ մարտի 16-ին, ֆեյբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում։
«Ուկրաինացիներ և ուկրաինուհիներ, եթե գիտեք, թե որտեղ է թշնամին և որտեղ է նա լքել տանկերը կամ այլ զրահամեքենաները, պարկուճները կամ հրացանները, խնդրում ենք տեղեկացնել Ուկրաինայի զինված ուժերին։ Եկեք ամեն ինչ օգտագործենք մեր հաղթանակի համար, հանուն հաղթանակի։ Խնդրում եմ խելամիտ եղեք՝ չհրապարակեք մեր հակաօդային պաշտպանության աշխատանքի մանրամասները, երբ լսեք, թե ինչպես են տղաները աշխատում»,- ասել է Զելենսկին։
Նա խնդրել է չհրապարակել այն քարտեզները, որոնք գտել են ռուսական լքված տեխնիկաներում և օկուպանտների հրամանատարական ոչնչացված կետերում։
«Խնդրում եմ դրանք տվեք մեր զինվորականներին: Թող դա օգտագործեն, որպեսզի թշնամին տանջվի»,- ասել է պետության ղեկավարը։
Քիչ ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջով նաև մեկ այլ կարճ տեսանյութ է տարածել՝ նշելով․ «Մենք տանն ենք և պաշտպանում ենք Ուկրաինան»։
——————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։