Մարտի 16-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է ջախջախիչ հարվածներ հասցնել Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում օկուպացիոն զորքերի խմբավորումներին և որոշ շրջաններում անցնել հակահարձակման։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության ուժերի գործողությունների վիճակը, դիրքը և բնույթը վերջին օրերին էական փոփոխություններ չեն կրել: Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է ջախջախիչ հարվածներ հասցնել Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում և որոշ ուղղություններով անցնել հակահարձակման»,- ասվում է զեկույցում։
Գլխավոր շտաբը հիշեցնում է, որ նախորդ օրվա արդյունքներով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունքում ոչնչացվել է երեք ինքնաթիռ (որոնցից երկուսը Սու-34)։
Բացի այդ, խոցվել է մեկ ուղղաթիռ, երեք օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք և երկու թևավոր հրթիռ։ Լրացուցիչ տեղեկությունները ճշտվում են։
«Օկուպացիոն զորքերը շարունակում են հրթիռային և ռմբակոծությունները ուկրաինական քաղաքների ենթակառուցվածքներին և խիտ բնակեցված տարածքներին։ Հակառակորդը շարունակում է կորուստներ կրել և առանձին ուղղություններով նահանջել։ Օկուպանտների հիմնական ջանքերը կենտրոնացած են նախկինում օկուպացված գծերի ու պաշտպանական տարածքների համախմբման և պահպանման վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։