Ուկրաինայի արդարադատության նախարարության ղեկավար Դենիս Մալյուսկան միացել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը կայացել է այսօր՝ մարտի 14-ին, տեսակոնֆերանսի միջոցով։
Բանակցությունների արդյունքներից հետո Պոդոլյակն ասել է, որ տեխնիկական դադար է վերցվել և բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։