ՌԴ զինված ուժերը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են ավելի քան 3300 ուկրաինական ռազմական օբյեկտ: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում վնասազերծվել են Ուկրաինայի 3346 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ոչնչացվել են 121 անօդաչու թռչող սարքեր, 1067 տանկ և այլ զրահատեխնիկա, 114 բազմակի հրթիռային համակարգ, 412 դաշտային և հրետանային ականանետ, 862 միավոր հատուկ ռազմական մեքենա,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։