Մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք. Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան արդեն հասել է ռազմավարական բեկման․ «մենք արդեն հաղթանակի ճանապարհին ենք»։ Այս մասին մարտի 11-ի իր տեսաուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք արդեն տասնվեցերորդ օրն է պայքարում ենք մեր ազատության համար: Սա չորս անգամ ավելի երկար է, քան թշնամին ծրագրել էր իր ներխուժումը, չորս անգամ ավելի երկար: Մի բանակի դեմ, որը համարվում էր աշխարհում ամենաուժեղներից մեկը, որը հույս ուներ՝ ուկրաինացիները կհանձնվեն»,-նշել է նա։

Զելենսկու խոսքով՝ անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրեն ուկրաինական հողը:

«Բայց կարելի է ասել՝ մենք կանենք դա: Մենք ձգտում ենք դրան, քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ դեպի մեր հաղթանակը», – ասել է ուկրաինական պետության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ուկրաինացիները հպարտ մարդիկ են, ովքեր միշտ պաշտպանում են իրենց սեփականը, իրենց հողը և երբեք չեն զիջի իրենց հայրենի հողի ոչ մի կտոր, ոչ մի տոկոս ազատություն հարձակվողներին։

Ուկրաիանայի նախագահը նաև հայտնել է, որ հասկանում է այն մարդկան, ովքեր պատերազմի 16-րդ օրը սկսել են իրենց հոգնած զգալ։

«Զգացմունքները վատ են խաղում մարդկանց հետ: Սա է կյանքը: Երբ մենք մոբիլիզացվում ենք, երբ տեսնում ենք մեր ռազմական հաղթանակները և թշնամու կորուստները, մենք ակնկալում ենք, որ պայքարն ավելի արագ կավարտվի: Որ օկուպանտներն ավելի արագ կընկնեն: Բայց…  Սա կյանք է։ Սա պատերազմ է։ Սա պայքար է»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ միասին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է մի քիչ ավելի շատ ժամանակ, համբերություն, իմաստություն, եռանդ, ինչպես նաև իրենց գործն առավելագույնս անելու կարողություն։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել