Ռուս զավթիչների առաջընթացը բոլոր ուղղություններով կանգնեցվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին Facebook-ում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ռուսական զորքերը շարունակում են Պոլեսսկու ուղղությամբ պահել Պոլեսսկոյե, Կուխարի, Բորոդյանկա, Անդրեևկա, Մոտիժին, Գորենիչի, Բուչա և Դեմիդով բնակավայրերը։ Հակառակորդը փորձում է վերականգնել զգալի կորուստներ կրած ստորաբաժանումների մարտունակությունը, վերախմբավորվում է և չի հրաժարվում Կիևը արևմուտքից և հարավ-արևմուտքից արգելափակելու պլանից։ Չի բացառվում օկուպացված բնակավայրերի տարհանված բնակիչների քողի տակ դիվերսիոն-հետախուզական խմբերի պատրաստումն ու ներթափանցումը Կիև։
Նիկոլաևի ուղղությամբ հակառակորդը փորձում է ամրապնդվել Լուպարևո, Պրավդինո, Բլագոդատնոյե, Նովոգրիգորովկա, Կալինովկա, Կիսելևկա, Պերվոմայսկոյե, Ալեքսանդրովկա, Բուրգունկա, Բերեսլավ, Տավրիյսկ բնակավայրերում։
Ղրիմի ուղղությամբ ՌԴ զինված ուժերի Բալթյան նավատորմի 336-րդ առանձին ծովային բրիգադից գումարտակային մարտավարական խմբի կողմից արձանագրվել է հակառակորդի խմբավորման ավելացում։
Բոլոր ուղղություններով հակառակորդի առաջընթացը կասեցվել է Ուկրաինայի ՊԲ-ի կողմից, նա հաջողություններ չունի, փորձում է պահել գրավյալ գծերն ու դիրքերը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Չեռնիգովի մարզում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են «Իսկանդեր-Մ» բալիստիկ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի դիվիզիոն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։