Չեռնոբիլի ատոմակայանի անջատման պատճառով ռադիացիայի արտահոսքի վտանգ կա. Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը դիմել է միջազգային հանրությանը

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ հրադադար պահանջել Ռուսաստանից և թույլ տալ վերանորոգման ստորաբաժանումներին վերսկսել էլեկտրամատակարարումը Չեռնոբիլի ատոմակայանում։ Այս մասին նախարարը գրել է իր Թվիթերի էջում, փոխանցում է Украинская правда-ն:

«Միակ էլեկտրական ցանցը, որը սնուցում է Չեռնոբիլի ատոմակայանը և նրա բոլոր միջուկային օբյեկտները, որոնք գրավել է ռուսական բանակը, վնասվել է։ Չեռնոբիլի ատոմակայանը կորցրել է ամբողջ էլեկտրամատակարարումը։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը անհապաղ պահանջել Ռուսաստանից դադարեցնել կրակը և թույլ տալ վերանորոգման ստորաբաժանումներին վերսկսել էներգամատակարարումը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Նա նշել է, որ պահեստային դիզելային գեներատորները նախատեսված են Չեռնոբիլի ատոմակայանի 48 ժամ աշխատանքի համար։ Դրանից հետո կդադարեն աշխատել միջուկային վառելիքի պահեստավորման հովացման համակարգերը, ինչն անխուսափելի կդարձնի ճառագայթման արտահոսքը։

«Պուտինի բարբարոսական պատերազմը վտանգում է ողջ Եվրոպան։ Նա պետք է անհապաղ դադարեցնի դա: Մարտերը շարունակվում են, ինչը անհնարին է դարձնում ատոմակայանի վերանորոգման աշխատանքները և չենք կարողանում վերականգնել էլեկտրամատակարարումը»,- ասել է Դմիտրի Կուլեբան։

Նշենք, որ ռուսական ԶՈւ-ի գործողությունների արդյունքում Չեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց էլեկտրականության։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել