Aliq.ge-ն հայտնում է, որ վերջին 13 օրվա ընթացքում ավելի քան 20 000 Ռուսաստանի քաղաքացի է ժամանել Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին՝ նշելով, որ այս թիվն անհամեմատ քիչ է մինչ համավարակը գրանցված տվյալներից։
Ըստ նախարարի՝ խոսակցությունները, թե ՌԴ քաղաքացիների հոսքը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ավելացել է, չի համապատասխանում իրականությանը:
Նախարարը նաև ի պատասխան հանրության շրջանում հնչող հարցերի, վստահեցրել է, որ պետական անվտանգության ծառայությունը բարձր մակարդակով վերահսկում է սահմանային բոլոր անցակետերը։
Անդրադառնալով ռուսական հակաիշխանական համարվող «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Միխայիլ Ֆիշմանի Վրաստան մուտքն արգելելուն, Գոմելաուրին ասել է, որ հստակ չգիտի պատճառը՝ հավելելով նաև, որ հնարավոր է արգելքը կապված է մուտքի սովորական կանոնակարգի խախտման հետ։
Գոմելաուրին չի մեկնաբանել ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանման մասին հարցը։ Նրա խոսքով՝ այսօր էլ ավելի է խստացվել սահմանների վերահսկողությունը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Դոժդի» լրագրող Միխայիլ Ֆիշմանին թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը։ Այս առիթով «Հանուն ԶԼՄ-ների պաշտպանության» կոալիցիան հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ընդունել ռուս լրագրողներին, ովքեր ոտնձգությունների են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։